webmatyan.com
Նորություններ, վերլուծություններ հայերեն
Իննովացիայի մասին
Categories: Armenian Start-Ups


Իմ նախորդ գրառումներից մեկում ես գրել էի իննովացիաների կարիքի և դրանց բացակայության մասին։ Իմ հիմնական միտքն այն էր, որ հայկական Ինտերնետում զգացվում է իննովացիայի  սուր պակաս, քանի որ այն նախագծերը, որոնք օրեցօր ավելանում են, որպես կանոն, իրենց մեջ չեն պարունակում տեխնոլոգիական կամ բովանդակային նորարաութան տարրեր։ Մինչդեռ, կարծես բոլորը համաձայն են, որ անհրաժեշտ են նորարար մտքեր և ձեռնարկումներ։

Այս գրառման մեջ ուզում եմ ներկայացնել իննովացիոն եզակի նախագծերից մեկը։

Այս տարվա ապրիլի 18-20-ը Թբիլիսիում տեղի ունեցավ Սոցիալական Ինովացիայի Կովկասյան Ճամբարը (Social Innovation Camp)։ Ճամբարին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի պատվիրակները, որոնք կազմեցին 6 միջազգային խմբեր, որոնք աշխատում էին տարբեր բնույթի նախագծերի շուրջ։ Նախապես ընտրված էին վեց նախագծեր, որոնց իմաստը կայանում էր նրանում, որ լուծեն սոցիալական խնդիրներ նոր տեխնոլոգիաների միջոցով։

Երկու օրվա ընթացքում յուրաքանչյուր թիմ պետք է իրականացներ իր նախագիծը, իսկ հաղթող թիմը կստանար դրամական մրցանակ՝ նախագծի հետագա զարգացման համար։

Ի վերջո, թեժ պայքարից և երկու օրվա լարված աշխատանքից հետո հաղթող ճանաչվեց save the trees նախագիծը, որի  մտահաղացումը  հայաստանցի ակտիվիստ Մարիամ Սուխուդյանինն էր։ Թիմը բաղկացած էր վեց կամավորներից։

Նախագիծն իրենից ներկայացնում է մի կայք, որտեղ բոլոր մարդիկ կարող են օնլայն հայտնել ապօրինի ծառահատումների դեպքերի մասին։ Այնուհետև ակտիվիստների, կամավորների խումբը պետք է ստուգի դեպքի իսկությունը, որից հետո կայքում տեղադրված քարտեզի վրա կավելանա կետ, որը կազդարարի ապօրինի ծառահատման դեպքի մասին։ Երբ ծառահատումը կանխարգելված կլինի, քարտեզի վրա նշումը կփոխի գույնը՝ այդպիսով ցույց տալով, փրկված ծառերի տեղը։

Կայքն օգտագործում է մի շարք իննովացիոն տեխնիկական միջոցներ, որոնցից ամենաքիչ տարածվածը Հայաստանում, թերևս Ushahidi պլատֆորմն է, որը թույլ է տալիս ապահովել անհրաժեշտ ֆունկցիոնալությունը։

Այս պահին կայքը դեռ գտնվում է փորձարկման և զարգացման շրջանում, այդ պատճառով այն դեռ չունի հայերեն տարբերակ, սակայն շուտով այն ամբողջությամբ կթարգմանվի հայերեն և կսկսի գործել ողջ հզորությամբ։

Կայքին կարելի է ծանոթանալ այստեղ:

//FB Like

Leave a Reply