Հարգելի ընթերցողներ, ես նորից որոշեցի գրառումների շարք պատրաստել: Այս անգամ խոսքը գնալու է մոնետիզացիայի մասին:
Քանի որ թեման շատ ծավալուն է, շարքը բաժանված է չորս մասի:
Այս գրառման մեջ կգտնեք ներածությունը և կայքում գովազդ տեղադրելու միջոցով դրամ վաստակելու մասին որոշակի տեղեկություններ:
Նախաբան
Մարտի 20-ին հայ բլոգերների երկրորդ հավաքն էր, որը կազմակերպվել էր ՆեոՄեդիա նախագծի կողմից և տեղի ունեցավ Ամենարիկյան համալսարանի բիզնես կենտրոնում: Հավաքի թեման էր հայկական բլոգների և ընդհանրապես ինտերնետային նախագծերի մոնետիզացիան: Հավաքի մանրամասն ներկայացումը կարելի է գտնել այստեղ, ուստի նպատակահարմար չեմ գտնում այս գրառման մեջ երկար-բարակ պատմել, թե ինչ եղավ հանդիպման ընթացքում: Այնուամենայնիվ, հանդիպումը, որն իմ կարծիքով չափազանց օգտավետ երևույթ է, շատ հարցեր բարձրացրեց, որոնք մեծ մասամբ մնացին անպատասխան: Այս անպատասխան հարցերը վերաբերում են ինտերնետի մոնետիզացիային, ինչին էլ նվիրված կլինի սույն գրառումների շարքը:
Մոնետիզացիայի հիմնական դրույթները
Ինտերնետում մոնետիզիացիա են անվանում այն գործընթացը, որի արդյունքում վեբ նախագծի հեղինակները եկամուտ են ստանում այս կամ այն գործունեությունից: Մինչ այսօր Ինտերնետում հայտնի են մոնետիզացիայի չորս մոդել`
- ամենատարածված և թվացյալ ամենահեշտ տարբերակը` կայքի էջերում գովազդային տարածքների վաճառք:
- կայքի/բլոգի միջոցով ապրանքների/ծառայությունների վաճառք (անգլալեզու գրականության մեջ` e-commerce)
- նվազ տարածված, սակայն որոշ դեպքերում շատ գործուն` բաժանորդագրության վաճառք (subscription)
- վիրտուալ նվերների/ապրանքների վաճառք (virtual goods commerce)
1. գովազդային տարածքների վաճառք:
Թվում է, թե այս տարբերակն ամենահեշտն է և կարող է անմիջապես հարստացնել կայքի տիրոջը, սակայն սա մեծ շփոթմունք է և շատ կայքեր, ունենալով մեծ ներդրումներ և հսկա մարկետինգային թիմեր, ջախջախվել են այս դաշտում:
Պատճառները բազմազան են և պրիմիտիվ, այնպես որ կարելի է հեշտությամբ քննարկել դրանցից ամենատարածվածները:
Ամենատարածված սխալներից մեկն այն է, որ մարդիկ կարծում են, որ թեմատիկ կայք կամ պորտալ ունենալով կարելի է գովազդ վաճառել և հարստանալ: Սա շատ նայիվ մոտեցում է, քանի որ Ինտերնետում ներկայացված լինելն ինքնին միայն ծախսեր է բերում և անհրաժեշտ է ահռելի ջանքեր գործադրել, որպեսզի կայքը սկսի փող բերել: Շատերը կարծում են նաև, որ բովանդակությունը կարող է դրամ բերել: Սա ևս նաjիվ մոտեցում է, քանի որ բովանդակությունը պարտադիր, սակայն ոչ բավարար գործոններից մեկն է: Իրականում կայքում գովազդ վաճառելու համար հարկավոր է երեք գործոն` այցելությունների ստաբիլ և նշանակալի քանակ*, կայքի կամ նախագծի բրենդի հզոր ուժ և վաճառելու կարողություն:
Դիտարկենք այս երեք գործոններն ավելի մանրամասն:
Ուժեղ բրենդ
Ուժեղ բրենդ ասելով` ես առաջին հերթին ի նկատի ունեմ ճանաչելի բրենդ: Այնպիսին, ինչպիսին են yahoo!-ն, google-ը և одноклассники-ն: Ճանաչելի բրենդ ունենալն անհրաժեշտ է, քանի որ գովազդային տարածք վաճառող կայքերը պետք է նախ և առաջ համոզեն գովազդատուին, որ հենց իրենց կայքում դրված գովազդն է լինելու ամենաէֆեկտիվը, նույնիսկ եթե դա այդպես չէ: Ամենավառ օրինակը odnoklassniki.ru-ի օրինակն է, որի մասին բոլորը լսել են, նույնիսկ գովազդատուները: Պատկերացրեք, որ odnoklassniki-ի վաճառքներով զբաղվող անձը գնում է գովազդատուի մոտ և առաջարկում է գովազդ տեղադրել կայքում: Բոլորը գիտեն, որ odnoklassniki-ն հայտնի և հաճախելի կայք է, շատ գովազդատուներ ցանկանում են գովազդ տեղադրել հենց այդ կայքում, քանի որ արդարացիորեն ակնկալում են, որ քանի որ odnoklassniki-ին հայտնի է, հետևաբար պետք է ունենա ահռելի այցելությունների քանակ և քանի որ ունի այցելությունների քանակ, հետևաբար գովազդվող ապրանքը կտեսնեն տասնյակ հազարավոր մարդիկ:
Հիմա պատկերացրեք ankap_achonik.livejournal.com բլոգի հեղինակին: Նա իր կայքում հետաքրքրի բովանդակություն ունի և կայքի օրական այցելուների թիվը ենթադրենք 5000 է: Ankap_achonik-ը գնում է գովազդատուի մոտ և առաջարկում է գովազդ գնել իր կայքում (ենթադրենք, livejournal-ում ևս կարելի է սեփական բաններ տեղադրել): Արժե? արդյոք շարունակել, թե որ կայքին ավելի հեշտ կլինի գովազդային պայմանագի ստանալ:
Այս փոքրիկ հեքիաթը կարծում եմ կարող է ցանկացած մարդու համոզել, որ ուժեղ բրենդ ունենալը մեղմ ասած հեշտացնում է գործը:
Վաճառքների իրականացման կարողություն
Այս թեման մի փոքր շեղվում է իմ բլոգի ընդհանուր թեմատիկայից, սակայն հարկ եմ համարում մի քանի բառով արտահայտվել սրա մասին:
Նրանք, ովքեր ծանոթ են մարքետինգին, հավանաբար գիտեն, որ բավարար չէ ունենալ լավ ապրանք կամ ծառայություն, պետք է ջանքեր գործադրել, որպեսզի այդ ապրանքը կամ ծառայությունը վաճառվի: Այլ կերպ ասած, պետք է ուղղակի կարողանալ կամ իմանալ, թե ինչպես վաճառել ապրանքը կամ ծառայությունը (այս դեպքում գովազդային տարածությունը):
Եթե վստահ չեք ձեր ուժերի մեջ, կամ կասկածում եք, որ ձեր կայքում գովազդ տեղադրելոը կհետաքրքրի գործատուին, ապա կամ մարկետինգի/վաճառքի գործը վստահեք մասնագետներին, կամ ձեր կայքը գրանցեք գովազդային ցանցերում, ինչպիսիք են begun-ը, yandex direct-ը, google adsence-ը հանգուցը կամ adbook-ը: Վերջին երկուսն ի դեպ հայկական են:
Գովազդդային ցանցին միանալուց առաջ մանրամասն ուսումնասիրեք դրանց կողմից ներկայացվող պահանջները և համոզվեք, որ ձեր կայքը համապատասաանում է պահանջներին:
*Գովազդի տեղադրման միջոցով դրամ աշխատելու թեման դեռ փակված չէ: Հաջորդ գրառման մեջ կգրեմ ստաբիլ այցելությունների քանակի և գովազդի հաշվարկման միավորների մասին:
Եվ չմոռանաք տարածել գրառումը, եթե կարծում եք, որ այն օգտակար էր

[...] Օնլայն գովզազդի մասին ավելի մանրամասն կարելի է կարդալ այստեղ և այստեղ: [...]