Երկու օր ներկայացված iPad-ի շուրջ խոսակցությունները չեն լռում և գնալով ավելի շատ մարդկանց են ներգրավում քննարկումներում: Իմ վերջին գրառման մեջ ներկայացվեցին iPad-ի մասին նախնական տվյալները, և գրառման թեման սահմանափակվեց չոր փաստեի ներկայացմամբ: Այս գրառման նպատակն է iPad-ի ավելի հանգամանալից և խորը վերլուծության փորձը:
Նորամուծության ուժը
Վերջին 40 տարիների ընթացքում Տեղեկատվական Տեխնոլոգիաների զարգացումն ամբողջ աշխարհում հանգեցրեց բազմատեսակ սարքավորումների ներմուծմանը մեր առօրյա կյանքի մեջ. սկզբում անձնական օգտագործման համակարգիչները (ԱՕՀ), այնուհետև բջջային հեռախոսները, այնուհետև՝ վերը նշված ապրանքների բազմազան կատեգորիաները (նոութբուքեր, նեթբուքեր, սմարթֆոններ, կոմունիկատորներ, գրպանի համակարգիչներ….): Էլեկտրոնային սարքերի այս շքերթը դեռ շարունակվում է, և գնալով նոր տեսակներ են ներմուծվելու:
Պլանշետները նորեկներ չեն այս շքահանդեսում, սակայն տարբեր հանգամանքների բերումով, դրանց չհաջողվեց կայուն տեղ ունենալ մեր առօրյա կյանքում:
Apple-ի կողմից ներկայացված iPad-ը լրջորեն հավակնում է լրացնել իր նախորդների բացթողումը և հաստատուն տեղ գրավել մեր առօրյայում:
iPad-ի նախորդները ոչ մի առավելություն չունեին մրցակիցների հետ համեմատության մեջ, բացի իրենց կոմպակտ չափերից: Կոմպակտ չափերը սակայն բերում էին որոշ սահմանափակումներ. մասնավորապես սակավ արդյունավետություն, թույլ տեխնիկական տվյալներ… ինչը բերում էր օգտագործման բնագավառների սահմանափակությանը:
iPad-ի պարագան այլ է: Այն ունի հստակ նախանշված օգտագործման բնագավառներ, որոնք մեր առօրյաի մի կարևոր մաս են զբաղեցնում (խաղեր, կինոներ, Ինտերնետ, երաժշտություն…):
Ստորև ներկայացվում են այն հանգամանքները, որոնք iPad-ը դարձնում են killer gadget (հայերեն թարգմանություն չկա
):
iPad-ի հզորության 3 ասպեկտները
1.Տեխնիկական ասպեկտ-այն ունի iPod-ի բոլոր հնարավորությունները ուղղակի ավելի մեծ կարողություններով (1 ԳՀց հաճախականությամբ պրոցեսսոր), այն ունի Ամազոնի Kindle-ի բոլոր հնարավորությունները, գումարած ֆոտո, վիդեո դիտելու, խաղեր խաղալու , Ինտերնետում թափառելու հնարավորությունները:
Այն չունի multitasking-ի հնարավորություն, որն անկեծորեն ասած ինձ երբեք պետք չի եկել iPod օգտագործելիս:
Մասնագետները պնդում են, որ այն տեխնիկապես անկատար է և չի արդարացնում շատերի սպասումները: Գուցե դա այդպես է, չեմ ժխտում: Ես այդ հարցում այդքան էլ կոմպետենտ չեմ:
2.Սոցիալական և պատմական ասպեկտ-այն հեղափոխում է մարդ-համակարգիչ շփումը, ճիշտ այնպես, ինչպես դա արեց Գրաֆիկական Ինտերֆեյսը (GUI): Այն հեղափոխում է խաղեր խաղալու, գրքեր, նորություններ կարդալու/դիտելու, ձևը, և սա իրական հեղափոխություն է, քանի որ այս հատկանիշները կփոխեն մեր սովորությունները:
3.Բիզնեսի ասպեկտ- Հենց սրանում է լարված գլխավոր թակարդը…
Ուրեմն այսպես. Գաղտնիք չէ, որ Apple ընկերության եկամուտների գերակշիռ մասը գոյանում է iTunes և App Store խանութներից, որտեղ համապատասխանաբար վաճառվում են երաժշտություն, ֆիլմեր, գրքեր և iPod-ի և iPhone-ի համար (հետևաբար նաև iPad-ի համար) բազմատեսակ ծրագրեր, խաղեր: Ընդ որում, iTunes-ի վաճառքի ծավալները կազմում են ԱՄՆ տարածքում օրինական ձևով ներբեռնվող երաժշտության 88%-ը
Այս շաբաթ հայտարարվեց, որ վաճառվել է 250.000.000-րդ (այո՛, ճիշտ կարդացիք, երկու հարյուր հիսուն միլիոներորդ ) iPod-ը: Այս թվին գումարեք բոլոր iPhone-ները և մարդկանց այն ահռելի քանակը, որոնք ամեն օր երաժշտություն, գրքեր ու կինոներ են գնում iTunes-ից: Պատկերացրի՞ք թիվը: Իսկ հիմա այս թվին գումարեք ևս 10.000.000 մարդու (հենց այսքան գնորդ է ակնկալում Ջոբսը), որոնք այս տարի հավանաբար կգնեն iPad ռեկորդային էժան գնով (ընդամենը 500 դոլարով) և կսկեն երգեր, խաղեր, ծրագրեր գնել վերը նշված խանութներից: iPad-ն Apple-ի համար ընդամենը ևս մի գործիք է, որպեսզի ավելի շատ մարդ գնումներ կատարի իրենց խանութներից:

Shat hetaqrqir hodvats er, shnorhakal em.(Knereq, vor grum em latinatar)